«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել». Ռոբերտ Քոչարյան

19.04.2019
«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել». Ռոբերտ Քոչարյան

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ կալանավորվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում»,- գրում է նախագահը։ Դրան զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրներում իր հանձնառությունն է հայտնում օրենքի գերակայությունն ամրապնդելու, անկախ արդարադատություն ապահովելու, մարդու իրավունքները պաշտպանելու և Հայաստանում ժողովրդավարությունը վերականգնելու հարցում:

Իսկ բանտում պահում են, ըստ Քոչարյանի, ապօրինաբար՝ Նիկոլ Փաշինյանի անզուսպ պոպուլիզմի քննադատը լինելու համար: «Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»:

«Ինձ մեղադրում են «սահմանադրական կարգի տապալման» համար՝ չնայած, որ այս մեղադրանքի իմաստը պարզ չէ ո՛չ ինձ, ո՛չ փաստաբաններիս, ո՛չ էլ հանրության լայն շրջանակների համար: Մենք կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու զինված ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ շփում չի եղել:

Երևանում բանակի դերակատարումը եղել է  կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք որպես այդպիսին ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,- գրում է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը նշում է, որ դժվար է վստահել մի մարդու, որն իր հանրային ելույթներում չեզոքության համար անամոթաբար շանտաժի է ենթարկում և սպառնում է դատավորներին: Նաև կասկած է հայտնում, որ այն ժամանակ համառորեն կառավարությունը տապալել փորձող Փաշինյանը այժմ կհարգի և կպահպանի օրենքի գերակայությունը:

 

«Կարո՞ղ եմ վստահ լինել, որ նա չի միջամտի իր «քաղաքական նեմեսիսի» համար սարքված դատավարության ընթացքին: Ո՛չ, չեմ կարող: Իսկ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով: Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- գրում է Ռոբերտ Քոչարյանը:

Նա հիշեցնում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ հայաստանյան այցից հետո արված հայտարարությունը, որ թեև «Մարտի 1»-ի գործով հետաքննությունը ողջունելի է, սակայն դրան զուգահեռ իշխանությունները պետք է ապահովեն գործընթացի՝ օրենքի գերակայության, արդարադատության անկախության սկզբունքներին համապատասխանելը, ինչպես նաև թափանցիկությունը, ազատ դատավարության երաշխիքները, որպեսզի ընտրովի արդարադատության և քաղաքական գործիչների նկատմամբ ենթադրյալ վրեժխնդրության բոլոր կասկածները ցրվեն:

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իր փաստաբանական թիմը նամակով դիմել է ԵՄ հանձնակատարին՝ նրան տեղյակ պահելով իր գործում առկա միջազգայնորեն ճանաչված իրավական սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին: Քոչարյանն ընդգծում է, որ այդ խախտումներն արվել են վարչապետի,  Հատուկ քննչական ծառայության կողմից:

Նախագահը նշում է, որ սա քաղաքական դրդապատճառներ ունեցող հետապնդում է, որի նպատակն է բնակչության արմատականացումը․ «Իսկ ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Ես պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմաններում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»:

Աղբյուրը՝  այստեղ։ 

Ավելին

12.11.2018

Ռ․ Քոչարյանի հեղինակած գիրքը լույս կտեսնի այս ամսվա վերջում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը «Ռոսսիա 24» ալիքին։

Ավելին
07.12.2018

ՈՒՂԻՂ․ Քոչարյանի պաշտպանական թիմի ասուլիսը

Դիտեք Քոչարյանի պաշտպանական թիմի ասուլիսն ուղիղ միացմամբ

Ավելին
25.06.2019

Ռոբերտ Քոչարյանը և նրա ներկայացուցիչները չեն ներկայանա դատարան՝ ի նշան բողոքի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Ավելին