Ռոբերտ Քոչարյան․ Լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը

08.10.2019
Ռոբերտ Քոչարյան․ Լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձով դիմել է իշխանությունների կամայակնությունները քննադատող և իր ազատությունը պահանջող՝ նախօրեին տարածված հայտարարության հեղինակներին և սատարողներին։ Ստորև ներկայացնում ենք նրա ուղերձի տեքստն ամբողջությամբ։

Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ,

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ երեկ հրապարակված հայտարա­րու­թյան նախաձեռնման համար։ Ոգևորիչ է, երբ Հայաստանի եւ Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով իրենց բողոքի միասնական ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև այն հարյուրավոր մարդկանց, մեր քաղաքացիներին ու սփյուռքահայերին, որոնք միացել են հայտարարությանը ու ողջունել այն սոցիալական ցանցերի և այլ հարթակներում։

Շնորհակալ եմ։

Հարկ եմ համարում ընդգծել. ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլևս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության և ընդդեմ կամայականությունների։ Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետևած արձագանքը դրա լավագույն ապացույցն են։

Ուզում եմ իմանաք. ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից։ Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարևոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ և դա չի կարող կոտրել իմ կամքը։

Վստահ եմ՝ արդարությունը հաղթանակելու, է և մենք միասնաբար լծվելու ենք մեր երկու պետությունների անվտանգության ամրապնդման ու կառուցման գործին։

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

ք․ Երևան, 08 հոկտեմբերի, 2019թ

Ավելին

25.09.2019

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր նրա անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին

Ավելին
31.08.2019

Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռոբերտ Քոչարյանի 65-ամյակի կապակցությամբ

Ավելին
10.10.2019

Հայտարարությանը շարունակում են միանալ

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ավելին